Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի առջեւ, որպեսզի չորեքշաբթի խանգարեն իշխանության ներկայացուցիչներին գնալ 1989թ. ապրիլի 9-ի ցույցի ցրման զոհերի հուշակոթողի մոտ։
Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելու կենտրոնական պողոտայում երեքշաբթի ուշ երեկոյան։ Նրանց շարքերում են անցած տարվա դեկտեմբերի հանրահավաքների ժամանակ կալանավորվածների ընտանիքների անդամները։ Նրանց նպատակն է թույլ չտալ վարչապետ Իրակլի Կոբախիձեին եւ իշխանության այլ ներկայացուցիչների մոտենալ հուշակոթողին, որը գտնվում է խորհրդարանի շենքի առջեւ։ Ամեն տարի ապրիլի 9-ին երկրի առաջին դեմքերը գալիս են այստեղ, որպեսզի հարգեն 1989թ. իրադարձությունների զոհերի հիշատակը։ Այդ օրը խորհրդային իշխանությունները ցրեցին ցուցարարներին հանուն Վրաստանի անկախության հանրահավաքում, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 20 մարդ։
Ներկա պահին իրադրությունը խորհրդարանի առջեւ հանգիստ է, իրավապահները չեն խանգարում ակցիայի իրականացմանը։
Բողոքի ամենօրյա ակցիաներ են տեղի ունենում Վրաստանում անցած տարվա նոյեմբերի 28-ից, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը միակողմանիորեն սառեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցություններն սկսելու գործընթացը։ Բողոքների առաջին օրերն ամենալարվածն էին, հատուկջոկատայինները տարբեր միջոցներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, հարյուրավոր մարդիկ կալանավորվել են։ Մի քանի մարդկանց հանդեպ քրեական գործ է հարուցվել։




























