Չինաստանի Լուսնի հետախուզման ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Ու Վեյժենը երկու տասնամյակ լուսնային հետազոտության ծրագիրը լուսաբանող Չինաստանի ազգային թանգարանում ցուցահանդեսի բացման ժամանակ խոսել է լուսնային հողից աղյուսներ արտադրող աշխարհում առաջին մեքենայի ստեղծման մասին:
Ըստ Վեյժենի՝ չինացի ինժեներների մշակած արևային էներգիայով աշխատող մեքենան կկարողանա ամբողջությամբ հալեցնել լուսնային ռեգոլիտը՝ բնահողը, այնուհետև օգտագործել այս նյութը՝ 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով տարբեր չափերի աղյուսներ արտադրելու համար, գրում է Naked Science-ը։ Այս եղանակը վերացնում է Երկրից ջուր կամ հավելյալ կապող նյութեր տեղափոխելու անհրաժեշտությունը՝ հնարավորություն տալով տեղում օգտագործել ռեսուրսները, ինչը կարևոր քայլ կլինի ապագա լուսնային հետազոտական կայանի կառուցման համար:
Ու Վեյժենը հայտնել է նաև, որ Չինաստանը նախատեսում է իրականացնել Chang'e-7 առաքելությունը՝ 2026 թվականին Լուսնի հարավային բևեռի շրջակա միջավայրը և ռեսուրսներն ուսումնասիրելու համար: 2028 թվականին նախատեսված Chang'e-8 զոնդային առաքելությունը փորձեր կանցկացնի լուսնային ռեսուրսների տեղում օգտագործման նպատակով:




























