«Ժառանգություն» խմբակցության անունից, այսօր` դեկտեմբերի 28-ին, խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության որոշման շուրջ ստեղծված իրավիճակը եւ ընդլայնվող հանքարդյունաբերության հարուցած խնդիրները Ծնդյան տոներից անմիջապես հետո քննարկելու առաջարկով:

«Ժառանգությունն» առաջարկել է հարցի քննարկմանը հրավիրել Սյունիքի մարզի 5 համայնքների ղեկավարներին, հարցին առնչվող պետական այլ մարմինների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքների բնակչության, բնապահպանական կազմակերպությունների ու շարժումների եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին, Մարդու իրավուքնների պաշտպանին, ինչպես նաեւ` քննարկման ժամանակ ապահովել «Ժառանգության» պատգամավորների ներկայությունը, ինչպես պահանջում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

«Ժառանգությունը» նաեւ պաշտոնապես դիմել է ԱԺ 5 մշտական հանձնաժողովների նախագահներին` նշված խնդիրներով առաջիկայում համատեղ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

«Ժառանգության» պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

«Կառավարության այս որոշման ընդունումը ուղեկցվել է ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, 5 գյուղերի համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքների նպատակային նշանակությունը փոխելու եւ դրանք հանքարդյունաբերության նպատակով ԶՊՄԿ-ին տրամադրելու մասին կանխավ իրազեկված չեն եղել ոչ վերոնշյալ համայնքների բնակիչները, ոչ էլ անգամ համայնքների ղեկավարաները, ինչը վկայում է, որ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու հղումները կապ չունեն ազդակիր համայնքների հանրության շահերի հետ: Ավելին, այդ համայանքների բնակիչների մեծամասնությունը դեմ է խնդրո առարկա հողերը հանքարդյունաբերության նպատակով օգտագործելուն, քանի որ դա կմեծացնի առանց այն էլ մարզում սրված բնապահպանական եւ ժողովրդագրական իրավիճակը:

Սյունքի մարզում տարիներ շարունակ իրականացված հանքարդյունաբերությունը ստեղծել է բնապահպանական վտանգված իրավիճակ, հետեւաբար հանքարդյունաբերողների կողմից օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը նույնպես անհապաղ ու հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն ունի»,-ասված է Ժառանգության» հաղորդագրության մեջ: