Սուդանում քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի անց ռազմական խունտային ընդդիմացող «Արագ արձագանքման ուժերը» (RSF) զինված կազմավորումները հայտարարել են երկրում այլընտրանքային կառավարություն ստեղծելու մասին, ասված է RSF-ի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այս տարեդարձին մենք հպարտությամբ հայտարարում ենք խաղաղության և միասնության կառավարության՝ լայն կոալիցիայի ստեղծման մասին, որն արտացոլում է Սուդանի իրական դեմքը»,-ասված է Դագալոն Սուդանի ժողովրդին ուղղված վեց էջանոց ուղերձում, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ խոսքը ոչ թե «զուգահեռ պետության» ստեղծման, այլ Սուդանի «միակ հնարավոր ապագայի»մասին է։

Մասնավորապես, RSF-ի ղեկավարը հայտարարել է «նոր արժույթի» և «նոր ինքնության քարտերի» թողարկման մասին։ Ըստ Դագալոյի՝ նոր կառավարությունը կտրամադրի հիմնական հանրային ծառայություններ «ամբողջ երկրում», ներառյալ կրթությունը, առողջապահությունը և արդարադատությունը:

Սուդանում արդեն երկու տարի արյունալի պայքար է ընթանում իշխանության համար «Արագ արձագանքման ուժեր»-ի և սուդանի բանակի միջև՝ նրա հրամանատար և Անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի գլխավորությամբ: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտությունն արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, ավելի քան 12 միլիոն մարդ տեղահանվել է։ Երկու կողմերն էլ՝ բանակը և «Արագ արձագանքման ուժերը», մեղադրվում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։