Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Գրանտ Շափսը, որը «զզվանք է հայտնել Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի հանդեպ Թրամփի բարեհաճ վերաբերմունքի» առնչությամբ, հայտնել է, որ ԱՄՆ նախագահը ռուսական հրթիռային հարվածը, որի հետեւանքով Ուկրաինայում անցած հանգստյան օրերին զոհվել են տասնյակ մարդիկ, «սխալ» է անվանել, «ինչը շոյանքի լեզվի» օրինակ է, որը մենք վարժվել ենք լսել... IRА ահաբեկչական խմբավորումից (IRА՝ իռլանդական ռազմականացված խմբավորում, որի նպատակն է Հյուսիսային Իռլանդիայի լիակատար ինքնուրույնությունը- խմբ.)։

«Այն ամենը, ինչ որեւէ մեկը ցանկանում է, որ Պուտինն անի, դա այն է, որ գրողի ծոցն անցնի դեմոկրատական հարեւան երկրից»,- ասել է Շափսը One Decision փոդքաստում:

«Եվ ես պարզապես պարտավոր եմ արձանագրել, որ զզվում եմ հենց այն գաղափարից, որ ազատ աշխարհի առաջնորդը չի կարող տարբերակել բռնապետին, որը բանտարկում եւ սպանում է իր հակառակորդներին եւ ներխուժում անմեղ ժողովրդավարական երկրներ։ Բարոյական հստակության այս բացակայությունը լիովին բարոյալքում է մնացալ ժողովրդավարական աշխարհը»,- ավելացրել է նա։

Ըստ The Guardian-ի՝ 56-ամյա Շափսը պահպանողական կառավարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ նախքան 2023թ. օգոստոսին պաշտպանության նախարար դառնալը՝ դառնալով Ուկրաինային միջազգային աջակցության պահպանման առանցքային դերակատարը:

Նա կորցրել է իր տեղը խորհրդարանում անցած հուլիսին, երբ լեյբորիստները իշխանության եկան մեծ առավելությամբ: Շափսն այս ամիս արժանացել է ասպետի կոչման:

One Decision-ը արտաքին քաղաքականությանը նվիրված փոդքաստ է, որը համատեղ վարում են սըր Ռիչարդ Դիրլավը՝ բրիտանական հետախուզական ծառայության MI6-ի նախկին ղեկավարը, եւ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար եւ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Պանետան: