ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը շաբաթ օրը հանդիպել է Վատիկանի երկրորդ ներկայացուցչի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից միգրանտների նկատմամբ «բռնություններից» առաջացած լարվածության պայմաններում, հաղորդում է CBS News-ը։
Սուրբ Աթոռը հաստատել է իր լավ հարաբերությունները, սակայն նշել է, որ «կարծիքների փոխանակում» է տեղի ունեցել ընթացիկ միջազգային հակամարտությունների, միգրանտների և բանտարկյալների վերաբերյալ:
Վատիկանը հայտնել է, որ 2019 թվականին կաթոլիկություն ընդունած Վենսը հանդիպել է պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի և արտգործնախարար, արքեպիսկոպոս Փոլ Գալահերի հետ։ Ոչ մի խոսք չի եղել Վենսի հանդիպման մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, որն աստիճանաբար վերսկսում է որոշ պաշտոնական պարտականությունների կատարումը թոքաբորբից իր ապաքինման ընթացքում, հաղորդում է հեռուստաալիքը։
Սուրբ Աթոռը զգուշավորությամբ է արձագանքել Թրամփի վարչակազմի գործողություններին՝ պահպանելով դիվանագիտական չեզոքության իր ավանդույթը՝ տագնապ հայտնելով միգրանտների նկատմամբ ԱՄՆ վարչակազմի «բռնությունների» և միջազգային օգնության կրճատման առիթով։
Այդ մտահոգություններն արտացոլվել են Վատիկանի շաբաթ օրվա հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ բանակցությունները եղել են ջերմ և գոհունակություն է արտահայտվել կրոնի և խղճի ազատությունը պաշտպանելու վարչակազմի հանձնառության առնչությամբ:
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի շուրջ, հատկապես պատերազմից, քաղաքական լարվածությունից և ծանր հումանիտար իրավիճակներից տուժած երկրների առնչությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով միգրանտներին, փախստականներին և բանտարկյալներին,- ասվում է հայտարարության մեջ։- Ի վերջո, հույս է հայտնվել, որ կշարունակվի ԱՄՆ-ի պետության և կաթոլիկ եկեղեցու միջև խաղաղ համագործակցությունը, որի արժեքավոր ծառայությունը բնակչության առավել խոցելի խավերի նկատմամբ, ճանաչվում է գտել»:




























