ԱՄՆ Գերագույն դատարանը շաբաթ օրը վաղ առավոտյան պարտավորեցրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին որևէ քայլ չձեռնարկել Տեխասում գտնվող վենեսուելացիներին արտաքսելու համար, որոնք, ենթադրաբար, ավազակախմբի անդամներ են, հաղորդում է NBC News-ը։

Դատարանը ոչ բավարարել, ոչ էլ մերժել է կալանավորների փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, բայց, փաստորեն, կասեցրել է գործը, որը վերաբերում է Տեխասի Հյուսիսային շրջանի իրավասության սահմաններում ներկայումս կալանքի տակ գտնվող մարդկանց:

«Կառավարությանը հանձնարարված է Միացյալ Նահանգներից չարտաքսել կալանավորներից որևէ մեկին՝ մինչև դատարանի հետագա որոշումը»,- ասվում է որոշման մեջ:

Որոշման մեջ նշվում է, որ երկու պահպանողական դատավորներ՝ Կլարենս Թոմասը և Սեմյուել Ալիտոն, չեն համաձայնվել Գերագույն դատարանի որոշմանը: Մոտավորապես միևնույն ժամանակ, Նոր Օռլեանի ԱՄՆ 5-րդ շրջանային վերաքննիչ դատարանը մերժել է  այդ մարդկանց խնդրանքը, որոնք վարչակազմի կարծիքով՝ ավազակախմբի անդամներ են, դադարեցնելու ցանկացած արտաքսում՝ պատերազմի ժամանակաշրջանի «Օտարերկրյա թշնամիների մասին» օրենքով:

Ուրբաթ կեսօրին առնվազն մեկ չարթերային ավտոբուս է մոտեցել Տեխաս նահանգի Էնսոն քաղաքի Բլյուբոնեթ կալանավայրին, Դալլասից մոտ 200 մղոն դեպի արևմուտք, որտեղ պահվում են կալանավորները:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ձգտում են արտաքսել այս մարդկանց, որոնք, ըստ նրանց, «Tren de Aragua» հանցախմբի անդամներ են:

Սակայն լուրջ հարցեր են ծագել այն մասին, թե արդյո՞ք ԱՄՆ կառավարությունն իրավասու է կիրառել «Օտարերկրյա թշնամիների մասին» օրենքը խմբավորման անդամների նկատմամբ պատերազմական իրավիճակից դուրս, և արդյո՞ք խմբավորման անդամության վերաբերյալ դատարանի որոշումները ճշգրիտ են, նշում է լրատվամիջոցը։