Չինաստանն այլ երկրներից չի ընդունում այնպիսի գործարքներ, որոնք կարող են ոտնահարել նրա շահերը, եւ նման գործողությունների դեպքում Պեկինը պատրաստ է համապատասխան հակաքայլեր ձեռնարկել։ Այս մասին նշվել է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարությունում՝ մեկնաբանելով Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու ԱՄՆ ծրագրերը։
«Չինաստանը հարգում է ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական վեճերը հավասար խորհրդակցությունների միջոցով լուծելու բոլոր կողմերի ձգտումները»,- նշվել է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Փաստաթղթում ընդգծվել է, որ բոլոր կողմերը պետք է արդար գործեն «փոխադարձ սակագների» հարցում եւ պաշտպանեն միջազգային առեւտրատնտեսական նորմերը եւ բազմակողմ առեւտրային համակարգը։
«Կարեւոր է նշել, որ Չինաստանը կտրականապես դեմ է ցանկացած գործարքի, որը կվնասի իր շահերին: Նման գործողությունների դեպքում Չինաստանը մի կողմ չի կանգնի եւ համարժեք հակաքայլեր կձեռնարկի: Չինաստանն ունի վճռականություն եւ ռեսուրսներ իր շահերը պաշտպանելու համար»,- նշվել է հայտարարությունում:
Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել էր, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առեւտուրը վերածվի «ջունգլիների օրենքի»՝ հեգեմոնիզմով եւ պրոտեկցիոնիզմով:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը ներդրել է ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ 185 երկրների նկատմամբ։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10 տոկոս, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34 տոկոս Չինաստանի, 46տոկոս Վիետնամի եւ 20 տոկոս Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։ Ամբողջ աշխարհի առաջնորդները դատապարտել են Թրամփի որոշումը եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել։



























