ԱՄՆ դոլարի փոխարժեքն ընկել է՝ հասնելով երեք տարվա նվազագույնին, քանի որ ԱՄՆ ակտիվներից միջոցների արտահոսքը մեծ թափ է հավաքում, գրել է The Guardian-ը։
Թրեյդերները վրդովված են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը երեկ հերթական կատաղի հարձակումն է կատարել Ամերիկայի կենտրոնական բանկի ղեկավարի վրա՝ Ջերոմ Փաուելին անվանելով «պարոն շատ ուշ» եւ «գլխավոր պարտվողը», քանի որ ԱՄՆ նախագահը սասկացրել է ԱՄՆ տոկոսադրույքների իջեցման կոչերը:
Դա հանգեցրել է նրան, որ դոլարի փոխարժեքը իջել է այլ արժույթների նկատմամբ՝ հասնելով մինչեւ 2022թ. մարտից ի վեր ամենացածր մակարդակին։
Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ հասել է յոթ ամսվա նվազագույնին` նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր առաջին անգամ վաճառվելով 140 իենով: Անցյալ շաբաթ Թրամփը գրել էր, որ Փաուելի «հրաժարականը չի կարող բավական շուտ տեղի ունենալ»։
IG շուկայի վերլուծաբան Թոնի Սիքամորը կարծում է, որ Փաուելի վրա Թրամփի հարձակումները շուկաներում անվստահություն են առաջացնում:
Չնայած 2017թ. Փաուելին նշանակելուն, Թրամփը դրանից հետո ափսոսանք է հայտնել՝ քննադատելով Փաուելին «վատ որոշումներ» կայացնելու համար, եւ որ նա «միշտ դրանք շատ ուշ եւ շատ սխալ է կայացնում»:
Փաուելը հակադարձել է՝ զգուշացնելով, որ Թրամփի մաքսատուրքերը կարող են առաջացնել ավելի բարձր գնաճ եւ դանդաղ տնտեսական աճ՝ հակասելով Թրամփի պնդումներին իր քաղաքականության տնտեսական օգուտների մասին:
Երեկ Ուոլ Սթրիթում կորուստները շարունակվել են (եվրոպական շուկաները փակվել էին), երբ Dow Jones Industrial Average-ը նվազել է եւս 2,5 տոկոսով կամ գրեթե 1 000 կետով:
Ներդրողները նաեւ հիասթափված են առեւտրային բանակցություններում առաջընթացի բացակայությունից՝ այս ամսվա սկզբին Թրամփի կողմից հայտարարված բարձր մաքսատուրքերից հետո: Սա մտահոգիչ իրավիճակ է ստեղծում, երբ դոլարը, ԱՄՆ ֆոնդային շուկաները եւ ԱՄՆ պետականպարտատոմսերի գները նվազում են։ Սովորաբար, ճգնաժամի ժամանակ ԱՄՆ կառավարության պարտքը եւ դոլարը աճում են, քանի որ թրեյդերները փնտրում են հուսալի հանգրվան:





























