Օքսֆորդի գիտնականները տասնամյակներ են անցկացրել՝ խմելով մարդու գանգից պատրաստված գավաթից, ասված է թալանված մարդկային մնացորդների դաժան գաղութային պատմությունն ուսումնասիրող գրքում, գրում է The Guardian-ը, որի տրամադրության տակ է հայտնվել ստանալով գրքի պատճենը:
Ըստ համալսարանին առընթեր Փիթ Ռիվերսի թանգարանի համաշխարհային հնագիտության համադրող, պրոֆեսոր Դեն Հիքսի՝ սղոցված և փայլեցված գանգից պատրաստված գանգ-գավաթը զարդարված է արծաթե եզրաշերտով և տակդիրով, մինչև 2015 թվականը պարբերաբար օգտագործվել է Օքսֆորդի Worcester քոլեջի պաշտոնական ընթրիքների ժամանակ:
Հիքսը, որի՝ առաջիկայում լույս տեսնելիք «Ամեն մի հուշարձան տապալվում է» գիրքը պատմում է «գանգի ամոթալի պատմությունը», ասում է, որ գավաթն օգտագործվել է նաև շոկոլադ մատուցելու համար, երբ դրանից գինին սկսել է արտահոսել:
Հնագետը նշել է, որ ընկերների և հյուրերի միջև աճող անհանգստությունը վերջ դրեց ծիսակարգին ավագների ընդհանուր սենյակում, և 2019-ին քոլեջը հրավիրեց Հիքսին հետաքննել գանգի ծագումը և այն, թե ինչպես է այն դարձել, ինչ նա անվանում է «տարօրինակ սպասքի տարատեսակ»:
Գիտնականը նշում է, որ ցանկանում է ցույց տալ՝ ինչպես են գաղութատիրության զոհերի ինքնությունը հաճախ ջնջվում պատմությունից, քանի որ բրիտանական մշակույթի ռասիստական գաղափարների և սպիտակամորթների գերակայության պատճառով նրանք ուշադրության արժանի չեն համարվում:
Հնագետը տեղեկություն չի գտել այն անձի մասին, ում մնացորդներից պատրաստվել է գավաթը, թեև ռադիոածխածնային ժամանակագրությունը ցույց է տվել, որ գանգը մոտ 225 տարեկան է։ Նրա չափերն ու անուղղակի ապացույցները վկայում են, որ այն բերվել է Կարիբյան ավազանից և, ըստ ամենայնի, պատկանել ստրկացած կնոջը, հավելել է նա:
Գավաթը Worcester քոլեջին է նվիրել 1946 թվականին նախկին ուսանող Ջորջ Փիթ-Ռիվերսը, որի անունը փորագրված է արծաթե եզրաշերտին: Լինելով եվգենիկայի (կեղծ ուսմունք մարդկային ցեղի բարելավման մասին-խմբ.) մասնագետ, նա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներկալվեց բրիտանական կառավարության կողմից՝ ֆաշիստ առաջնորդ Օսվալդ Մոսլիին աջակցելու պատճառով:
Գավաթը նրա պապի՝ վիկտորիանական դարաշրջանի բրիտանացի զինվոր և հնագետ Օգյուստ Հենրի Լեյն Ֆոքս Փիթ Ռիվերսի ոչ այնքան հայտնի մասնավոր հավաքածուի մի մասն էր, որը հիմնադրել է Փիթ Ռիվերսի թանգարանը 1884 թվականին: Ավագ Փիթ Ռիվերսը գանգը գնել է նույն տարի Sotheby's-ի աճուրդում:





























