ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն դաշինքի անդամներին առաջարկել է պաշտպանական ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ 3,5 տոկոսը եւ եւս 1,5 տոկոս հատկացնել անվտանգությանն առնչվող ավելի լայն ծախսերի համար՝ Դոնալդ Թրամփի 5 տոկոսի պահանջը բավարարելու համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով առաջարկին ծանոթ աղբյուրներին:

ՆԱՏՕ ներկա պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ առնվազն 2 տոկոսը, որը կատարում են 32 անդամներից 22-ը: ՆԱՏՕ բոլոր երկրների ղեկավարներն ասում են, որ այդ նպատակն այլեւս բավարար չէ, քանի որ նրանք Ռուսաստանը համարում են շատ ավելի մեծ սպառնալիք 2022թ. Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

ՆԱՏՕ ոչ մի երկիր չի կատարում Թրամփի 5 տոկոս պահանջը. ՆԱՏՕ տվյալներով՝ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ մոտ 3,2 տոկոսը։ Լեհաստանը ծախսում է իր արտադրության ամենամեծ բաժինը՝ ավելի քան 4 տոկոսը։

ՆԱՏՕ եվրոպական շատ անդամներ ճնշման տակ են պաշտպանական ծախսերը մեծացնելու ուղղությամբ, քանի որ ԱՄՆ-ը ազդարարել է, որ այլեւս չի կենտրոնանալու մայրցամաքի պաշտպանության վրա: Թրամփը սպառնացել է դադարեցնել ՆԱՏՕ անդամ երկրների օգնությունը, եթե նրանք բավարար չափով չծախսեն սեփական պաշտպանության համար։

Անվտանգության հետ կապված ծախսերի ավելի լայն կատեգորիայի սահմանումը դեռ պետք է համաձայնեցվի: Այն կարող է ներառել ճանապարհների եւ կամուրջների արդիականացում՝ ծանր ռազմական մեքենաներին, քաղաքացիական պաշտպանությանն ու կիբեռմիջոցներին աջակցելու համար, նշել են պաշտոնյաները:

Հարցին, թե Ռյութեն արել է առաջարկը, ՆԱՏՕ մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը ուղղակիորեն չի պատասխանել: Նա հայտնել է, որ Ռյութեն «բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության ծախսերի ավելացումն անհրաժեշտ է այն նպատակներին հասնելու համար, որոնց շուրջ դաշնակիցները շուտով կհամաձայնեն, եւ դաշնակիցների միջեւ բեռի ավելի արդար բաշխումն ապահովելու համար»:

«Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ոչ միայն պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացմանը՝ ՆԱՏՕ համաձայնեցված սահմանումների համաձայն, այլ նաեւ լրացուցիչ ներդրումների կից ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքը եւ ճկունությունը»,- տեղեկացրել է Հարթը:

«Գլխավոր քարտուղարն աշխատում է դաշնակիցների հետ սերտ խորհրդակցությամբ՝ Հաագայում մեր գագաթաժողովի համար այս հարցի վերաբերյալ որոշումներ նախապատրաստելու նպատակով»,- ասել է նա։

Ռյութեի առաջարկի քննարկումները դեռ վաղ փուլում են, եւ պարզ չէ, թե արդյոք դա սկտանա դաշինքի բոլոր 32 անդամների աջակցությունը:

Որոշ կառավարություններ զգուշանում են անվտանգության ծախսերի ընդլայնումից:

Դաշինքի հրապարակած գնահատականների համաձայն՝ ՆԱՏՕ անդամները 2024թ. պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ մոտ 2,61 տոկոսը: Բայց այս թվերը դաշնակիցների միջեւ զգալի տարբերություններ են թաքցնում:

Իտալիան, Պորտուգալիան, Կանադան, Սլովենիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան եւ Իսպանիան հայտնվել են ցուցակի վերջին հորիզոնականներում, որոնք պաշտպանության վրա ծախսել են ոչ ավելի, քան 1,5 տոկոս: Այս երկրներից մի քանիսի ղեկավարներն ասել են, որ քանի որ նրանք հեռու են Ռուսաստանից, կարող են ավելի քիչ բան անել Եվրոպան ներխուժումից պաշտպանելու համար, եւ առաջ են քաշել ծախսեր այնպիսի ոլորտների համար, ինչպիսին է սահմանային անվտանգությունը: