ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է եղել իր վերջերս ազատված ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի՝ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Թեհրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու ռազմական տարբերակների շուրջ համակարգմամբ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաներին և խորհրդականներին։
Ուոլցը քննադատության ենթարկվեց Սպիտակ տանը, երբ մարտ ամսին նրան մեղադրեցին The Atlantic-ի խմբագրին պատահաբար Signal հաղորդագրությունների հավելվածի խմբային զրույցին ավելացնելու մեջ, որտեղ ներկայացվում էին Եմենում ԱՄՆ-ի առաջիկա ռմբակոծությունների մանրամասները։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի դժգոհությունը Ուոլցի նկատմամբ աճում էր նրա պաշտոնանկությանը նախորդող ժամանակահատվածից ի վեր։
Հարցին ծանոթ երկու անձինք ասել են, որ Ուոլցը վրդովեցրել է նախագահին, երբ փետրվարին Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ «ինտենսիվ համակարգում» է անցկացրել Իրանի դեմ հնարավոր ռազմական տարբերակների շուրջ։
«Ուոլցը ցանկանում էր ԱՄՆ քաղաքականությունը տանել այնպիսի ուղղությամբ, որը չէր համապատասխանում Թրամփին, քանի որ ԱՄՆ-ն չէր փորձում դիվանագիտական լուծում գտնել։ Սա հասել էր Թրամփին, և նախագահը դժգոհ էր դրանից», - ասաց աղբյուրը։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարեց, որ Ուոլցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար։





























