ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի է մոտեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների կողմերից մեկին։ Ընդ որում, նա խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ Սպիտակ տունը մոտ է լինում իր միջնորդական դերից հրաժարվելուն։

Հաղորդավարուհին ԱՄՆ նախագահին հարցրել է, արդյոք ավելի հավանական է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը Կիևի և Վաշինգտոնի կողմից վերջերս ընդերքի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Նա պատասխանել է, որ հույս ունի։

«Ես իսկապես հավատում եմ, որ մենք ավելի մոտ ենք մի կողմի հետ և, հնարավոր է, ոչ այնքան մոտ մյուսի հետ, բայց՝ տեսնենք։ Ես չէի ցանկանա ասել, թե որ մեկին ենք մենք ավելի մոտ, բայց մենք իսկապես շահավետ գործարք ենք կնքել ամերիկացի ժողովրդի համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ընդ որում, Թրամփը նշել է, որ կարող է գալ մի պահ, երբ ԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդի իր դերից։

Այդուհանդերձ, նա հրաժարվել է հայտնել, թե ինչը կարող է դառնալ նման որոշման համար «կարմիր գիծ»։

«Կգա ժամանակ, երբ ես կասեմ. «Լավ, շարունակեք նույն ոգով, շարունակեք հիմարություններ անել»։ Երբեմն ես մոտենում եմ դրան, և այդ ժամանակ դրական իրադարձություններ են տեղի ունենում... Հնարավոր է, կա ինչ-որ բան, որը ես չեմ կարող անել։ Հնարավոր է, դա անհնար է անել։ Պարզապես, որպեսզի հասկանաք, մենք խոսում ենք հսկայական ատելության մասին (Ուկրաինայի և Ռուսաստանի միջև - խմբ․)», - հավելել է Թրամփը։