Գրեթե 63 տարի առաջ անհետացած կինը գտնվել է ողջ և անվնաս այն բանից հետո, երբ նրա անհետացման գործը վերանայվել է, հայտնել է ամերիկյան Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը։
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Օդրի Բաքեբերգը 20 տարեկան էր, երբ անհետացել էր փոքրիկ Ռիդսբուրգ քաղաքում գտնվող իր տնից 1962 թվականի հուլիսի 7-ին։
Իր հայտարարության մեջ Սաուկ շրջանի շերիֆ Չիպ Մայսթերը նշել է, որ Բաքեբերգի անհետացումը «տեղի է ունեցել իր ընտրությամբ, այլ ոչ թե որևէ հանցավոր գործունեության կամ անազնիվ խաղի հետևանքով»։
Շերիֆը պատմել է, որ նա ապրում է Վիսկոնսինից դուրս, սակայն որևէ լրացուցիչ մանրամասն չի տրամադրել։
Ըստ Wisconsin Missing Persons Advocacy ոչ առևտրային կազմակերպության տվյալների, անետացման պահին Բաքեբերգն ամուսնացած էր և ուներ երկու երեխա։ Կազմակերպությունը հայտնել է, որ անհետանալուց մի քանի օր առաջ Բաքեբերգը քրեական գործ հարուցելու դիմում էր ներկայացրել իր ամուսնու դեմ, որի հետ ամուսնացել էր 15 տարեկանում՝ պնդելով, որ նա ծեծել է իրեն և սպառնացել սպանել։
Այն օրը, երբ նա անհետացել է, նա դուրս է եկել տնից՝ վերցնելու իր աշխատավարձի չեքը բրդի գործարանից, որտեղ աշխատում էր։
Զույգի 14-ամյա դայակը ոստիկանությանը պատմել է, որ այնուհետև ինքն ու Բաքեբերգը ճանապարհին մեքենաներ կանգնեցնելով հասել են Մեդիսոն՝ Վիսկոնսին նահանգի մայրաքաղաք, իսկ այնտեղից ավտոբուսով մեկնել են Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաք։
Այդ ժամանակ դայակը նյարդայնացել է և ցանկացել է վերադառնալ տուն, բայց Բաքեբերգը հրաժարվել է, և վերջին անգամ նրան տեսել են ավտոբուսի կանգառից հեռանալիս։
Սաուկ շրջանի շերիֆի գրասենյակը հայտարարել է, որ քննիչները բազմաթիվ վարկածներ են քննել այս գործով, սակայն դրանք սառեցվել էին մինչև այս տարվա սկզբին հին գործերի նյութերի համապարփակ վերանայում անցկացնելը։
Դետեկտիվ Այզեք Հենսոնը, որը քննում էր այս գործը, տեղական WISN լրատվական ալիքին պատմել է, որ տիկին Բաքեբերգի քրոջը պատկանող համացանցային հաշիվը վճռորոշ դեր է խաղացել անհետացած կնոջը գտնելու գործում։ Դետեկտիվ Հենսոնն ասել է, որ ինքը կապ է հաստատել տեղի շերիֆների հետ, որտեղ այժմ ապրում է Բաքեբերգը, և հեռախոսով խոսել է նրա հետ 45 րոպե։
«Կարծում եմ, որ նա պարզապես հեռացել է, զբաղվել է իր գործերով և ապրել իր կյանքով,- նշել է նա։- Նա երջանիկ ր թվում։ Վստահ իր որոշման մեջ։ Ոչնչի մասին չի ափսոսում»։,





























