Վաշինգտոնը ուկրաինական բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքի միջոցով մտադիր է վերադարձնել Կիեւին հատկացված բոլոր միջոցները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։

«Հանքային գործարքը, ի վերջո, կփոխհատուցի Միացյալ Նահանգների՝ այս պատերազմի վրա ծախսած բոլոր գումարները»,- ասել է նա Fox News-ի եթերում: Մայիսի 1-ին Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի տեքստը։

Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ Ռադայի պատգամավորներ, վերլուծելով դրա դրույթները, դժգոհություն են հայտնել գործարքի պայմանների առիթով՝ նշելով, որ փաստաթուղթը նշանակում է, որ Կիեւը կորցնում է իր տնտեսական ինքնիշխանության մի մասը, մասնավորապես, այն Միացյալ Նահանգներին երկարաժամկետ առաջնահերթություն է տալիս ուկրաինական հանքային ռեսուրսների հասանելիության հարցում, մինչդեռ չի ներառում անվտանգության երաշխիքները, որոնց մասին այդքան շատ խոսվել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակում։

ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի առաջին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն հայտնել է, որ Կիեւը նոր վարձակալությունից եւ օգտակար հանածոների արդյունահանման նոր լիցենզիաներից ստացված եկամտի 50 տոկոսը կներդնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամում։

Նրա խոսքով՝ հիմնադրամի կառավարման հարցում ԱՄՆ-ը եւ Ուկրաինան հավասար ձայներ կունենան։ Գործարքը չի նախատեսում Ուկրաինայի ուղղակի պարտքային պարտավորություններ ԱՄՆ-ի նկատմամբ։ Գործունեության առաջին 10 տարիների ընթացքում հիմնադրամը շահաբաժիններ չի վճարի. նրա ամբողջ եկամուտը վերաներդրվելու է Ուկրաինայում։ Ներդրումները կուղղվեն օգտակար հանածոների զարգացմանն ու վերամշակմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքի զարգացմանը։