2025թ. հունվարի վերջին Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինայի իշխանություններին առաջարկել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված այլ երկրների «չճշտված թվով» քաղաքացիների։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթերին։
Առաջարկը փոխանցվել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի միջոցով։ Փաստաթղթում չի նշվում, թե ինչպես է դրան արձագանքել Կիեւը։ Ուկրաինացի դիվանագետը ԱՄՆ դեսպանատանը հայտնել է միայն, որ ուկրաինական իշխանությունները պատասխան կտան այս հարցում դիրքորոշում կազմելուց հետո։
Իրավիճակին ծանոթ ուկրաինացի երկու պաշտոնյաներ The Washington Post-ին ասել են, որ այդ հարցը ամենաբարձր մակարդակով չի քննարկվել։ Նրանցից մեկն ասել է, որ տեղյակ չէ Վաշինգտոնի կողմից արտաքսվածներին ընդունելու «քաղաքական պահանջների» մասին: Հրապարակման մեջ պարզաբանվել է, որ Ուկրաինան չի ընդունել ԱՄՆ-ից արտաքսված երրորդ երկրի ոչ մի քաղաքացու։
The Washington Post-ը ԱՄՆ առաջարկն անվանել է «արտասովոր»՝ հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող մարտերը: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Սալվադորը, Մեքսիկան, Կոստա Ռիկան եւ Պանաման, համաձայնել են ընդունել ԱՄՆ-ից արտաքսված երրորդ երկրների քաղաքացիներին: Նրանց համաձայնությունը ստանալու համար Թրամփի վարչակազմը նրանցից որոշներին դրամական փոխհատուցում է առաջարկել, իսկ մյուսներին սպառնացել առեւտրային մաքսատուրքերով, նշել է WP-ը։
The Washington Post-ի տեղեկացմամբ՝ Թրամփի վարչակազմը նախատեսում է երկրից արտաքսել մինչեւ մեկ միլիոն անօրինական ներգաղթյալի իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում։ Այդ թիվը զգալիորեն գերազանցում է արտաքսումների նախկին ռեկորդը՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք (2009-2017թթ.) տարեկան 400 հազար մարդ։ Թերթի հետ զրուցած վերլուծաբաններն այս նպատակն անիրատեսական են համարել, քանի որ դրան հասնելու համար անբավարար ֆինանսավորում եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ են հատկացվել։





























