Կարիճները «զավթում են» բրազիլական քաղաքները, զգուշացնում են հետազոտողներն իրենց հոդվածում, որում նշվում է, որ սրընթաց ուրբանիզացիան և կլիմայի փոփոխությունը հանգեցնում են խայթոցների ենթարկվող մարդկանց թվի աճի։ Բրազիլիայի ծանուցման ենթակա հիվանդությունների տեղեկատվական համակարգի տվյալներով՝ 2014-2023 թվականներին խայթոցի ավելի քան 1,1 միլիոն դեպք է գրանցվել։
Ըստ Frontiers in Public Health հանդեսում հրապարակված ուսումնասիրության՝ խայթոցների մասին հաղորդագրությունները 2014-2023 թվականների միջև աճել են 250%-ով: Ըստ հետազոտության՝ դեպքերի աճը պայմանավորված է արագ, չպլանավորված ուրբանիզացմամբ, օրինակ, ֆավելներում (Բրազիլիայի քաղաքների` հաճախ լեռնալանջերին տեղակայված hետնախորշերում), որոնք բնութագրվում են կառուցապատման բարձր խտությամբ և թափոնների վատ օգտահամամբ:
Թեև քաղաքային տարածքները ներխուժում են վայրի բնակավայրեր, որտեղ արդեն ապրում են կարիճները, դրանք միաժամանակ նրանց բարգավաճման համար նոր պայմաններ են ստեղծում։
Կարիճներին հատկապես դուր են գալիս կոյուղու ջրահեռացման խողովակները, որտեղ տաք է ամբողջ տարին, գրեթե չկան գիշատիչներ և կա առատ սնունդ, մասնավորապես՝ խավարասերներ։ Կարիճների որոշ տեսակներ ընդունակ են շուրջ 400 օր ապրել առանց սննդի և ընդունակ են բազմանալու առանց զուգավորման, ինչը դժվարացնում է դրանց ոչնչացումը։
Ավելի տաք ամառները, ուժեղ անձրևների և երաշտի շրջանները նույնպես նպաստում են կարիճների բարգավաճմանը, քանի որ նրանք հարմարվել են տաք ու խոնավ միջավայրերին։ 2024 թվականի նախնական տվյալները ցույց են տալիս, որ Բրազիլիայում կարիճները մոտ 200 հազար խայթոցի և 133 մահվան պատճառ են դարձել։
Ընդհանուր առմամբ, հետազոտողները կանխատեսում են, որ 2025-2033 թվականներին կգրանցվի կարիճներից խայթոցների 2 միլիոն նոր դեպք։



























