Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը նախարարության շենքի սրահներից մեկում հանդիպել է Ստամբուլի հայկական Փանգալթը (Մխիթարյան միաբանության կողմից ստեղծված վարժարան) մասնավոր դպրոցի աշակերտների, դպրոցի տնօրեն Գարեգին Պարսամյանի եւ ուսուցիչների հետ:
Թուրքական Stargundem կայքի փոխանցմամբ` Թուրքիայի ազգային կրթության նախարարը նշել է, թե շատ ուրախ է ընդունել հայկական դպրոցի աշակերտներին` շեշտելով, որ նրան կարող են հանգիստ կիսվել իրենց խնդիրներով:
Ստամբուլի հայկական դպրոցի տնօրեն Գարեգին Պարսամյանը հանդիպումից հետո նշել է, թե աշակերտները նախարարին հայտնել են, որ իրենց դասընթացներն ավելի արդյունավետ կլինեն, եթե հասարակագիտական գրքերի որոշ հատվածներից հանվեին հայերին նվաստացնող էջերը:
Հայ աշակերտներն այցելել են նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողով` հանդիպելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրի հետ: Աշակերտները Վոլքան Բոզքըրին են նվիրել իրենց իրենց դպրոցի պատմությունը 4 լեզվով ներկայացնող մի գիրք եւ փոքրիկ տոնածառ:



























