Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ան Դեոկ-կյունը ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրի հետ խորհրդակցությունների ժամանակ խնդրել է վերացնել հարավկորեական ապրանքների վրա դրվող բոլոր մաքսատուրքերը։

«Նույնիսկ գործող նախագահի հետ համապատասխան մարմինների միջև սերտ խորհրդակցություններ են ընթանում, և մենք մանրամասնորեն ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։ Դրա հիման վրա մենք հետևողականորեն խնդրում ենք մեր ապրանքներն ազատել փոխադարձ և ոլորտային տուրքերից», - Ան Դեոկ Կյունի խոսքերն են մեջբերվում նրա ղեկավարած գերատեսչության հայտարարության մեջ։ Նախարարը նշել է, որ հանրապետությունը շարունակում է փնտրել խնդրի լուծման փոխշահավետ տարբերակներ։

Կողմերը նաև համաձայնության են եկել, որ առևտրային անհավասարակշռությունների և ոչ սակագնային խոչընդոտների վերաբերյալ հաջորդ «տեխնիկական բանակցությունները» կանցկացվեն մայիսի 19-ին Վաշինգտոնում։

Գրիրը Կորեայի Հանրապետություն է ժամանել՝ մասնակցելու մայիսի 15-16-ը կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարների հանդիպմանը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համաձայնության էին եկել մինչև հուլիսի 8-ը ավարտել մաքսային տուրքերի վերաբերյալ բանակցությունները։