Թրամփի վարչակազմը Գազայի հատվածից մինչև 1 միլիոն պաղեստինցիների Լիբիա մշտապես վերաբնակեցնելու ծրագիր է մշակում, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին։

Ծրագիրը բավականաչափ լուրջ է քննարկվում, և վարչակազմն այն քննարկել է լիբիական առաջնորդների հետ, հայտնել են ծրագրերին անմիջականորեն տեղյակ երկու անձինք և ամերիկացի նախկին պաշտոնյա։

Չի բացառվում, որ պաղեստինցիների վերաբնակեցման դիմաց վարչակազմը Լիբիային միլիարդավոր դոլարների միջոցներ տրամադրի, որոնք ԱՄՆ-ն սառեցրել էր ավելի քան տասը տարի առաջ։

Նույն աղբյուրները հայտնել են, որ վերջնական համաձայնության չեն հասել, և Իսրայելը տեղեկացված է եղել վարչակազմի քննարկումների մասին։ Պետքարտուղարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը չեն արձագանքել մեկնաբանության բազմաթիվ հարցումներին մինչև այդ հոդվածի հրապարակումը։ Հրապարակումից հետո խոսնակը NBC News-ին ասել է, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Տեղում ստեղծված իրավիճակն անընդունելի է նման ծրագրի համար. «Նման պլանը չի քննարկվել և իմաստ չունի»:

Իր հերթին, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խումբը տեղյակ չէ պաղեստինցիների Լիբիա տեղափոխվելու վերաբերյալ որևէ քննարկմանը։ «Պաղեստինցիները շատ կապված են իրենց հայրենիքին, շատ նվիրված են իրենց հայրենիքին, և նրանք պատրաստ են պայքարել մինչև վերջ և զոհաբերել ամեն ինչ՝ իրենց հողը, հայրենիքը, ընտանիքները՝ հանուն իրենց երեխաների ապագայի պաշտպանության, - NBC News-ին ասել է Նաիմը։ -Նրանք միակ կողմն են, որոնք իրավունք ունի որոշելու պաղեստինցիների, այդ թվում՝ Գազայի և Գազայի ժողովրդի անունից, թե ինչ պետք է անեն և ինչ՝ չպետք է անեն»։