Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը կմասնակցի նորընտիր Հռոմի պապ Լեոյի երդմնակալության արարողությանը՝ աշխարհի շատ այլ առաջնորդների հետ միասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։

Զելենսկին ուրախ կլինի հանդիպել այլ առաջնորդների հետ երդմնակալության շրջանակներում, այս շաբաթ Reuters-ին ասել է Ուկրաինայի նախագահի ավագ օգնականը։

Երբ Զելենսկին ապրիլի 26-ին մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, նա դեմ առ դեմ բանակցություններ վարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սուրբ Պետրոսի տաճարում։

ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Մարկո Ռուբիոն ասել է, որ շաբաթ օրը կարդինալ Մատեո Զուպպիի հետ կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմը դադարեցնելու ջանքերը, որը հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանագնացն էր ռուս-ուկրաինական հակամարտության հարցերով։

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ենթադրեց, որ Վատիկանը կարող է դառնալ երկխոսությունը խթանող հարթակ։

«Ես նրան միջնորդ չէի անվանի, բայց դա անկասկած այն վայրն է, որտեղ, կարծում եմ, երկու կողմերն էլ իրենց հարմարավետ կզգան», - լրագրողներին ասել է Ռուբիոն։

Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվող պատարագի ժամանակ Չիկագոյում ծնված, բայց Պերուում երկար տարիներ ապրած Հռոմի պապ Լևոնը պաշտոնապես կհռչակվի աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների առաջնորդ։

Կիրակի օրը սպասվող այլ առաջնորդների թվում են Իսրայելի, Պերուի և Նիգերիայի նախագահները, Իտալիայի, Կանադայի և Ավստրալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ներկա կլինեն նաև բազմաթիվ եվրոպական թագավորական ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Լետիցիան։ Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։