2011 թ. պետական բյուջե է հավաքագրվել 650 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր` ճիշտ այնքան, որքան նախատեսված էր 2011 թ. պետական բյուջեի մասին օրենքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջը:   2010 թ. ցուցանիշը գերազանցվել է 10 %-ով:

Հարկային մուտքերը կազմել են 370 մլրդ դրամ, որը մոտ 32 մլրդ դրամով (կամ 9,8%-ով) ավելի է նախորդ տարվա համեմատ:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կազմել են 123 մլրդ դրամ, որը գրեթե հավասար է օրենքով սահմանված մակարդակին (123.5 մլրդ դրամ), եւ 6.8%-ով գերազանցում է 2010 թ. ցուցանիշը:

Մաքսային վճարների մասով մուտքերը կազմել են 280 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով (կամ 9.6%-ով) ավել է, քան նախորդ տարի (ըստ երեւույթին` «մաքսային վճարներ» տերմինի տակ ՊԵԿ-ում նկատի են ունեցել նաեւ սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկն ու ակցիզները):

Հարկային մուտքերի կառուցվածքի առումով ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 2011թ. շարունակել է աճել` կազմելով հարկային մուտքերի ավելի քան 48%-ը: