Մարդաբանների, մշակութային ժառանգության փորձագետների և լաբորատոր վերլուծաբանների միջազգային թիմը 800-ամյա Անդյան մումիայի դեմքին և ձեռքին աննախադեպ տեսակի դաջվածքներ է հայտնաբերել։ Նրանց հոդվածը հրապարակվել է Cultural Heritage հանդեսում։

Հետազոտական ​​​​խումբը նշել է, որ հնագիտական ​​​​գտածոներից դաջված մաշկի շատ քիչ օրինակներ են պահպանվել՝ վնասված փափուկ հյուսվածքների բնույթի պատճառով: Դրա պատճառով նրանք որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել Թուրինի համալսարանի մարդաբանության և ազգագրության թանգարանում պահվող՝ Անդերում պեղումների ժամանակ հայտնաբերվել կնոջ մումիան։ Նրանք սկսել են իրենց աշխատանքը՝ օգտագործելով ռադիոածխածնային թվագրում՝ մումիայի տարիքը որոշելու համար, ըստ որի նա ապրել է մ.թ. 1215-1382 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուհետև նրանք որոշել են մի քանի եղանակ կիրառել՝ անզեն աչքով անտեսանելի ցանկացած դաջվածք հայտնաբերելու համար։

Ինֆրակարմիր ռեֆլեկտրոգրաֆիայի միջոցով նրանք դաջվածքներ են հայտնաբերել աջ ու ձախ այտերի վրա (ականջից դեպի բերան ձգվող երեք ուղիղ գծեր) և դաստակի վրա ևս մեկը (S տառի տեսքով):

Դաջվածքների ստեղծման համար օգտագործված նյութերը նույնականացնելու համար գիտնականների թիմն օգտագործել է ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիա, միկրոռենտգենյան սպեկտրոսկոպիա և սկանավորող էլեկտրոնային մանրադիտակ։

Գիտնականները պարզել են, որ դաջվածքները պատրաստվել են մագնետիտից և պիրօքսեն կոչվող հանքանյութից ստացված գունանյութերով։ Զարմանալի է, որ դաջվածքում ածուխ չի օգտագործվել։ Հետազոտողները չեն կարողացել պարզել դաջվածքների նպատակը. նման բան երբեք մումիայի վրա չէր նկատվել, թեև գիտնականները ենթադրում են, որ դրանք պետք է որ կնոջ համար ինչ-որ կարևոր բան են նշանակել, եթե ցուցադրվել են նման ակներևաբար: