Վրացական կողմը ներողություն է խնդրել Թբիլիսիում ԵՄ պատվիրակության աշխատակից Սայմոն Վանդենբրուքին երկիր մուտք գործելու թույլտվություն չտալու համար և հաստատել, որ նա կարող է վերադառնալ աշխատանքի։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության՝ հայտնել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը։
Ավելի վաղ առաքելությունը բանավոր նոտա էր ուղարկել Վրաստանի ԱԳՆ-ին՝ ընդգծելով, որ պատվիրակության պատշաճ կերպով հավատարմագրված անդամին մուտքը մերժելը հակասում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և այլ միջազգային նորմերին։
Վրաստանի ԱԳՆ-ն լրագրողներին հայտնել է, որ միջադեպը «տեխնիկական թյուրըմբռնման» արդյունք է։
«Մենք այդ հարցի շուրջ քննարկումներ ունեցանք Եվրամիության ներկայացուցիչների հետ, որոնց ամեն ինչ պարզաբանվեց, և խնդիրը լուծվեց», -հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մայիսի 21-ին Վանդենբրուքին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մերժել են մուտք գործել Վրաստան։ Նա հաջորդ չվերթով վերադարձվել է իր մեկնման երկիր։
Սայմոն Վանդենբրուքն աշխատում է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնում, որը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մաս է կազմում։ Նա պատասխանատու է օգնության ծրագրերի համակարգման, Ասոցացման համաձայնագրի իրականացման և ԵՄ-ի ու Վրաստանի միջև քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման համար, հաղորդում է Новости-Грузия-ն։





























