Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստում քննարկվել է օրակարգում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ասմյակի առիթով հայտարարության նախագիծը օրակարգ մտցնելու հարցը՝ ֆաշիզմի եւ նեոնացիզմի քննարկման մասին։

Նախագիծը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը եւ աջակցվել «Հայաստան» խորհրդարանական խմբակցության կողմից։

Հայտարարության նախագծում, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով ու մեծ զոհողություններով հաղթանակ տարավ նացիստական ​​Գերմանիայի եւ նրա դաշնակիցների նկատմամբ։ Իր մասշտաբներով աննախադեպ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ըստ էության, քաղաքակրթական պայքար էր այլատյացության դեմ։

«Խորհրդային ​​Միությունը առանցքային դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում։ Շոշափելի էր ղարաբաղցի հայերի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։ Եվ ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցելու, այլ նաեւ հայրենիքին օգնության այլ ոլորտներում։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ դեր են խաղացել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին եւ սփյուռքահայերը»,- նշվել է հայտարարության նախագծում։

Նշվել է նաեւ, որ այս նշանակալից օրը 1992թ. մայիսի 9-ի Մեծ հաղթանակի ժառանգներն ազատագրել են հայկական բերդաքաղաք Շուշին՝ ջախջախելով նեոֆաշիստական ​​ռեժիմը։

«80 տարի առաջ նացիստական ​​Գերմանիան պարտվեց, բայց, ցավոք, այսօր էլ աշխարհում պահպանվում են ֆաշիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դրսեւորումները։ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի հայերի էթնիկ զտումները, որոնք հանգեցրին հազարամյակներ շարունակ այս հողի վրա ապրած հայ բնակչության բռնի տեղահանմանը»,- նշվել է փաստաթղթում։

Հայտարարության հեղինակները դա անվանել են ֆաշիզմի դասական դրսեւորում։ Բայց եթե ժամանակին ֆաշիստական պարագլուխները դատապարտվել են ռազմական տրիբունալի կողմից, ապա այսօր նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ պատշաճ դատապարտման եւ կշտամբանքի չարժանանալով քաղաքակիրթ հասարակության կողմից։

Եզրափակիչ մասում վստահություն է հայտնվում, որ քաղաքակիրթ մարդկությունը կասի վճռական «Ո՛չ» ֆաշիզմի եւ նեոնացիզմի ցանկացած դրսեւորմանը։

Այնուամենայնիվ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հայտարարության այս նախագիծը չի տպավորել։ Օրինակ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հայտնել է, որ հայտարարության նախագծում պատշաճ ձեւով նշված եւ նկարագրված չէ դաշնակից երկրների դերը, որոնք մասնակցել են հակահիտլերյան կոալիցիային։

Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանն անգամ առաջարկել է հիշել, թե կոնկրետ երբ է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի մաս է կազմում Հայրենական մեծ պատերազմը, եւ կոնկրետ ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Խորհրդարանականը, մասնավորապես, հիշեցրել է ԽՍՀՄ-ի կողմից Բալթյան երկրների, ինչպես նաեւ Ռումինիայի եւ Լեհաստանի որոշ մասի օկուպացիայի մասին։ Նա նաեւ նշել է Մոսկվայի եւ Բեռլինի դաշնակցային հարաբերությունները։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո հայտարարության նախագիծը այդպես էլ չի ընդգրկվել ԱԺ հաջորդ քառօրյայի օրակարգ։ Ավելի վաղ այն բացասական կարծիք էր ստացել խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի կողմից։