ԱՊՀ անդամ երկրների իրավապահ մարմիններն այսուհետ տեղեկատվական համագործակցության շրջանակում կկարողանան օգտվել որոշակի փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններից։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների «Մարդկանց միջպետական հետախուզման մասին» 2010թ. դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ։
Այս միջոցը, ըստ նրա, կբարելավի փոխադարձ համագործակցության արդյունավետությունը։ Արձանագրության ստորագրումը նպատակ ունի բարելավել ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների միջեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ Համագործակցության ճյուղային մարմինների գործող մեխանիզմները, որոնք գործում են անվտանգության եւ իրավապահ ոլորտում:





























