Հետաքննության շրջանակում ավստրալիացի դեղագործից մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա են առգրավվել, դրանց թվում՝ մի քանի սուպերմեքենաներ, որոնք նա գնել է դեղորյաքի համար կեղծ հայտարարությունների շնորհիվ արտոնություններ ստանալուց և միլիոնավոր դոլարներ վաստակելուց հետո։
Ըստ Ավստրալիայի դաշնային ոստիկանության՝ տղամարդը գրեթե տասը տարվա ընթացքում կեղծ հայտարարություններ է արել և, ենթադրվում է, որ դրա արդյունքում ստացել է 6,5 միլիոն դոլարի անօրինական եկամուտ, գրում է Road & Truck պարբերականը։
Իշխանությունները հայտնել են, որ 58-ամյա տղամարդը մեղադրվում է 2014-2023 թվականներին Pharmaceutical Benefits Scheme սխեմայի շրջանակում կեղծ հայտարարություններ անելու մեջ։
Իշխանությունները պնդում են, որ այս հայցերից ստացված գումարը կարող էր տղամարդուն հնարավորություն տալ ապրել շքեղ կյանքով՝ ներառյալ առանձնատուն և 12 ավտոմեքենայից բաղկացած հավաքածու, դրանց թվում՝ յոթ BMW, երկու Ferrari, երկու Lamborghini և մեկ McLaren:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ 1 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ հանցագործությունից ստացված եկամուտների իրացման համար, որը նախատեսում է առավելագույնը 25 տարվա ազատազրկում։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել անազնվության երկու մեղադրանքով, որը վնաս է հասցրել երկրին և որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Եթե տղամարդը դատապարտվի, Ավստրալիայի ֆինանսական անվտանգության վարչությունը վաճառքի կհանի նրա մեքենաների հավաքածուն, իսկ ստացված եկամուտը կուղղվի հանցագործությունների կանխարգելման ծրագրերին։




























