Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնն աշխատանքից ազատել է մուտքի տոմս ստուգող հսկիչ կանանցից մեկին, երբ նա այս ամսվա սկզբին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ պաղեստինամետ կարգախոս է բղավել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու արհմիությունների։

Կինը գոռացել է «Ազատ Պաղեստին», երբ մայիսի 4-ին Միլանում Ասիական զարգացման բանկի հանդիպումը նշելու համար կազմակերպված համերգի ժամանակ Մելոնին զբաղեցրել է իր տեղը Թագավորական օթյակում, ասված է թատրոնի արհմիության հայտարարության մեջ։

«Գերատեսուչ Ֆորտունատո Օրտոմբինայի ստորագրած ազատման հրամանագրում ընդգծվում է, որ նա չարաշահել է վստահությունը՝ չենթարկվելով պաշտոնական հրամաններին, սակայն մենք կարծում ենք, որ նա լսել է իր խղճի ձայնը, -ասված է CUB արհմիության հայտարարության մեջ։ -Մենք կներդնենք արհմիությունների բոլոր ջանքերը՝ պաշտպանելու այդ քաջ աղջկան, որի գաղափարների հետ լիակատար համերաշխ ենք»։

Իտալիայի կառավարությունը եղել է Իսրայելի ակտիվ կողմնակիցը, սակայն երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին չորեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական հարձակումներն  անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։