Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր` հունվարի 10-ին, հրապարակել է իր որոշումը` կապված Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերեմլիի, «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր ապարատի ղեկավար Արիֆ Հաջիլիի, Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սերդար Ջելալօղլուի եւ «Այդընլար» կուսակցության նախագահ Գուլամհուսեյն Ալիբեյլիի բողոք-դիմումի հետ: Mediaforum.az կայքի հաղորդմամբ, դատարանը բավարարել է նրանց հայցը եւ որոշում ընդունել, ըստ որի` Ադրբեջանը պետք է 20 հազար եվրո վճարի Ալի Քերեմլիին նյութական վնաս  եւ եւս 7500 եվրո բարոյական վնաս պատճառելու համար: Քաղաքական մյուս գործիչները եւս փոխհատուցում են ստանալու պետության կողմից, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի իշխանությունները վճարելու են մոտ 60 հազար եվրո:

Նշենք, որ Ալի Քերեմլին, Արիֆ Հաջիլին, Սերդար Ջելալօղլուն եւ Գուլամհուսեյն Ալիբեյլին 2005-ի խորհրդարանական ընտրություններում ստացել են պատգամավորական մանդատներ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Արիֆ Հաջիլիի եւ Սադար Ջալալօղլուի, իսկ Սահմանադրական դատարանը` Ալի Քերեմլիի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլի պատգամավորությունը: Դրանից հետո միեւնույն անձինք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: