Թերթն անդրադարձել է Ծաղկաձորում գտնվող մի դղյակի.
«Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփականատերը տարածքում կառուցելով հնարավոր ամեն ինչ՝ թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, տարածքում նաև ֆուտբոլի դաշտ են կառուցել: Այս տանը գտնվող լողավազանի մասին, ի դեպ, լեգենդներ են պտտվում:
Ասում են` կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել, լողում ես, լողում և հասնում հայկական քարափին, եւ այնպիսի տպավորություն է, թե բնական լճում ես լողում, դուրս ես գալիս ափ, իսկ այնտեղ քարեր են, ժայռաբեկորներ: Որոշ տեղացիների պնդմամբ` լեգենդար առանձնատունը ՊԵ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին է պատկանում եւ գնահատվում է մոտ 3,5-4 միլիոն դոլար:
Խնդիրն այն է, սակայն, որ պարոն Խաչատրյանն արդեն շուրջ մեկ ամիս է` չի պատասխանում առանձնատան հետ կապված մեր թերթի գրավոր հարցմանը: Չի պատասխանում նաեւ այլ հարցերի, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքանով են ճիշտ լուրերն այն մասին, որ իր ընտանիքին է անցել Չինաստանից Հայաստան հագուստ ներկրելու մենաշնորհը:
Եվ ստացվում է, որ գործնականում որևէ մեխանիզմ չկա՝ պարզելու Հայաստանում գործող այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի, գույքի, բիզնեսի ծավալները»:




























