ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակազմը և դրա աշխատանքը «արմատավորվել» են ԱՄՆ կառավարական գերատեսչություններում, չնայած DOGE-ի առաջին ղեկավար Իլոն Մասկի՝ պետական ծառայությունից հեռանալուն, գրում է New York Times-ը։
«Դեռևս հարցական է՝ կպահպանի՞ արդյոք DOGE-ը Մասկի ոգեշնչմամբ ստեղծված իր ներկայիս ձևը,... Սակայն մոտեցումը, որը DOGE-ը մարմնավորում էր սկզբից ի վեր՝ ծախսերի, անձնակազմի և (կառավարական) նախագծերի կտրուկ կրճատման առումով, կարծես թե արմատ է գցել»,-ասված է հոդվածում։
Ըստ ԱՄՆ կառավարման և բյուջեի վարչության (OMB) տնօրեն Ռասել Վոութի՝ DOGE-ի աշխատակիցներն «ավելի ու ավելի են ամրատներ գցում» կառավարական գերատեսչություններում: Պարբերականը Վոութին նկարագրում է որպես կառավարական ապարատի և դրա ծախսերի կրճատման նախաձեռնության «լուռ, կուլիսային ղեկավար», մինչդեռ Մասկին տրվել է DOGE-ի հանրային դեմքի դերը։ Ըստ Վոութի անձնական տեսլականի՝ DOGE-ի աշխատանքը նման է տարբեր պետական գերատեսչությունների կառավարման շրջանակում աշխատակիցներին «ներքին խորհրդատուների» կարգավիճակ տալուն։
Ապրիլին Bloomberg-ը Վոութին, որը նաև ԱՄՆ սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի (CFPB) պաշտոնակատար ղեկավարն է և համահեղինակել է ԱՄՆ պահպանողական բարեփոխումների վերաբերյալ «Նախագիծ 2025» փաստաթուղթը, անվանել էր Մասկի հավանական իրավահաջորդ DOGE-ի ղեկավարի պաշտոնում, եթե վերջինս լքի պաշտոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած DOGE-ը նախատեսված է «անօգուտ ծախսերը կրճատելու և դաշնային գերատեսչությունները վերակառուցելու» համար։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության արդյունավետության գրասենյակը ԱՄՆ կառավարության «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնք Կոնգրեսը չի հաստատել։





























