Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) մեկ տարի առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքները Ֆրանսիայի վրա ավելի քան 3 մլրդ եվրո են նստել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիսում Խաղաղօվկիանոսյան կղզեպետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ֆրանսիական պետությունը տարածքի վերակառուցումը դարձրել է իր առաջնահերթությունը, որի համար մինչ օրս հատկացվել է ավելի քան 3 մլրդ եվրո»,- ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ Փարիզը լուրջ է վերաբերվել «մի շարք գործոններով հրահրված» իրադարձություններին, որոնց մասին, սակայն, նախագահը մանրամասներ չի հայտնել: Պետության ղեկավարը միայն խոստացել է իրականացնել «նոր նախագիծ» այս տարածքի համար եւ հայտարարել է հաջորդ շաբաթ Փարիզում բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների մասին:

«Նախ եւ առաջ, այս նախագիծը ենթադրում է հանրաքվեների անցկացում, որոնց պատասխանը կլինի «այո» կամ «ոչ»,- ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով՝ այս տարածաշրջանի երկրների մշակույթները «այնքան էլ հարմար չեն հանրաքվեների համար», քանի որ դրանք հիմնված են «ցիկլայնության» եւ «համակարգման» սկզբունքների վրա։ Այնուամենայնիվ, նախագահը խոստացել է չկրկնել անցյալի սխալները՝ մատնանշելով «դատարկությունը», որին բախվել է Նոր Կալեդոնիայի բնակչությունը Ֆրանսիայից այդ տարածքի անկախության վերաբերյալ երեք հանրաքվեներից հետո։