Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Չեռնոմորեցին» հասնել նոր նվաճումների: Ես ապացուցելու բան ունեմ եւ ինձ չեմ խնայի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հարձակողական կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը, որը պայմանագիր է կնքել Բուրգասի «Չեռնոմորեցի» հետ:
«Օդանավակայանում ինձ դիմավորեց թիմի գլխավոր մարզիչ Դիմիտար Դիմիտրովը, ինչը շատ հաճելի էր: Մարզիչն ասաց, որ վստահում է ինձ: Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այսպիսի թիմում: Պայմանագիրը վեց ամսով է, բայց կա այն երկու տարով երկարաձգելու հնարավորություն: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Չեռնոմորեցին» հասնել նոր նվաճումների: Թիմում շատ լավ մթնոլորտ է, եւ ինձ բոլոր ֆուտբոլիստներն ընդունեցին վաղեմի ծանոթի նման: Մնում է միայն լավ խաղալ: Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Չեռնոմորեցն» ընթանում է երրորդ տեղում եւ առաջատարներին զիջում է ընդամենը երեք միավոր: Թիմը հավակնում է չեմպիոնական տիտղոսի եւ ես կձգտեմ օգնել դրանում»,- ասաց Մելքոնյանը:
Ձմեռային ընդմիջումից հետո Բուլղարիայի առաջնությունը կվերսկսվի փետրվարին: Արդեն փետրվարի 25-ին Մելքոնյանը կարող է «Չեռնոմորեցի» կազմում անցկացնել առաջին պաշտոնական հանդիպումը «Կալիակրա» թիմի դեմ:
2011-ին Սամվել Մելքոնյանը ներկայացնում էր Երեւանի «Միկան»: Դրանից առաջ Մելքոնյանը հանդես է եկել «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգում»:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























