ԱՄՆ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Հանդիպումը, ըստ Axios պորտալի, կարող է տեղի ունենալ Օսլոյում։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ միջուկային համաձայնագրի ճակատագիրը քննարկելու համար, հայտնել են գործին ծանոթ աղբյուրները։
Հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված չէ, և կողմերից որևէ պաշտոնական հաստատում չկա։
«Եթե հանդիպումը տեղի ունենա, դա կլինի առաջին ուղիղ բանակցությունները, նախագահ Թրամփի՝ անցյալ ամիս աննախադեպ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելու հրամանմից հետո»,- գրում է Axios-ը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ԱՄՆ հարվածները «լուրջ և նշանակալի» վնաս են հասցրել Ֆորդոյի միջուկային կենտրոնին։ Այժմ, ըստ նրա, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը անցկացնում է իրավիճակի տեխնիկական գնահատում, որի արդյունքների հիման վրա կպատրաստվի զեկույց կառավարության համար։
Նախարարը շեշտել է, որ միայն վերլուծությունն ավարտվելուց հետո մասնագետները կկարողանան որոշել, թե արդյոք հնարավոր է օբյեկտների վերականգնումը։ Նա նաև հիշեցրել է, որ Իրանում կրոնական տեսանկյունից միջուկային զենքի ստեղծումն արգելված է։





























