Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ և հենց նոր ավարտվել է, Ըստ ТАСС-ի՝ հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:
«Քիչ առաջ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հերթական գրեթե մեկ ժամ տևողությամբ զրույցը»,- նշել է նա։
Զրույցի ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ Իրանին և Սիրիային առնչվող հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային հարցերի շուրջ։ Բացի դրանից, նախագահները ուշադրություն են դարձրել էներգետիկայի և տիեզերքի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
«Մանրամասն քննարկվել է Իրանի և առհասարակ՝ Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է բոլոր վիճելի հարցերը, տարաձայնությունները և կոնֆլիկտային իրավիճակները բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ հարցի շուրջ շփումներն արտաքին քաղաքականության գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների և նախագահի օգնականների միջև», -ըստ РИА Новости-ի՝ նշել է Ուշակովը։
Ըստ Ուշակովի՝ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլի համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին։ «Վլադիմիր Պուտինը նշեց, որ մենք շարունակում ենք հակամարտության բանակցային քաղաքական լուծում փնտրել», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույցը սկսել է՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տեղեկացնելով Սենատում հարկային և ներգաղթային բարեփոխումների վերաբերյալ օրինագծի հաջող ընդունման մասին։
«Երկկողմ հարցերի շուրջ կարծիքների փոխանակման շրջանակում հաստատվել է մի շարք խոստումնալից տնտեսական նախագծերի իրականացման փոխադարձ հետաքրքրությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և տիեզերքի հետազոտության ոլորտներում»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա պատմել է նաև, որ Պուտինը Թրամփին առաջարկել է փոխանակել կինոարտադրանքը։ «Վլադիմիր Պուտինը նշեց, որ Դոնալդ Թրամփի հետ զրույցից առաջ ինքը խոսել է ռուսական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, այս հանդիպման ժամանակ արտահայտվել է երկու երկրների միջև կինոարտադրանքի փոխանակման գաղափարը, որը խթանում է մեզ և Թրամփի վարչակազմին հոգեհարազատ ավանդական արժեքները։ Թրամփն անմիջապես արձագանքել է և հայտարարել, որ իրեն դուր է գալիս այդ գաղափարը»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Միևնույն ժամանակ, Ուշակովը վստահեցրել է, որ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման մասնակի դադարեցման թեման չի բարձրացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի ընթացքում։ Նախագահների միջև հանդիպման հնարավորությունը ևս չի քննարկվել։
«Հանդիպման հնարավորության վերաբերյալ որևէ կոնկրետ քննարկում չի եղել… Այս գաղափարը կախված է օդում: Անհրաժեշտության դեպքում այդ հարցի շուրջ կոնկրետ համաձայնության կհասնենք»,- Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո լրագրողներին պատմել է Ուշակովը:





























