Այսօր՝ հուլիսի 4-ին, Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է РБК-Украина-ն։

Նրանց զրույցը տեղի է ունեցել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության որոշ առանցքային տեսակների մատակարարման դադարեցման հետնապատկերում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նախագահների միջև բանակցություններ արդեն տեղի են ունեցել։

«Նախագահների միջև շատ կարևոր և իմաստալից զրույց էր։ Բոլոր մանրամասները շատ շուտով հայտնի կլինեն»,- նշել է նա։

Իր հերթին, Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով անանուն աղբյուրին, գրել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը տևել է մոտ 40 րոպե։

Աղբյուրը նշել է, որ զրույցը «լավն էր»։

Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, զանգը կազմակերպվել է ամերիկյան պաշտպանական աջակցության դադարեցման հետնապատկերում։

Ինչպես Զելենսկին հայտարարել էր Թրամփի հետ զրույցի նախօրեին, Ուկրաինան Միացյալ Նահանգների կողմից օգնության երկարաձգման հույս ունի։ Նախևառաջ խոսքը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մասին է։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները։ Սպիտակ տունը շուտով հաստատեց այս տեղեկությունը, դադարը բացատրելով «ԱՄՆ ազգային շահերի առաջնահերթությամբ»։

Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով նախագահի վարչակազմի և Պենտագոնի աղբյուրներին, գրել են, որ ԱՄՆ-ն դադարեցրել է հրետանային զինամթերքի, Stinger, Patriot և Hellfire հրթիռների մատակարարումները։ Մասնավորապես, դադարեցվեցին նույնիսկ այն զենքի խմբաքանակների մատակարարումները, որոնք արդեն գտնվում էին Լեհաստանի պահեստներում։

Արձագանքելով իրավիճակին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ աշխատանքային մակարդակով՝ բոլոր մանրամասները պարզաբանելու համար։

Միաժամանակ, Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրում է Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնված տարբերակներ։ Պետքարտուղարությունը շեշտել է, որ Միացյալ Նահանգները զենքի բոլոր մատակարարումները չի դադարեցրել։