Դաղստանի Կարաբուդախկենտի շրջանի ղեկավար Մահմուդ Ամիրալիևը կասկածվում է ավելի քան 56 միլիոն ռուբլու յուրացմամբ խարդախության մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության ՌԴ Քննչական կոմիտեի քննչական վարչության մամուլի ծառայությանը։
Ինչպես РИА Новости-ին հայտնել են հանրապետության ուժային կառույցներում, ձերբակալվել է Կարաբուդախկենտի շրջանի ղեկավար Մահմուդ Ամիրալիևը՝ այս շաբաթ պաշտոնից ազատված Դաղստանի նախկին պետքարտուղար Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովի ազգականը։
«Ըստ քննության վարկածի, Կարաբուդախկենտի շրջանի ղեկավարն առևտրային կազմակերպության տնօրենին առաջարկել է Կարաբուդախկենտի շրջանի Գուբդեն և Գուրբուկի գյուղերի ջրամատակարարման համար ջրատար կառուցելու պայմանագիր կնքել՝ դրա արժեքի 20%-ի դիմաց։ Հանցավոր գործողությունների արդյունքում յուրացվել է ընդհանուր առմամբ ավելի քան 56 միլիոն ռուբլի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածով։ Առաջիկայում քննությունը դատարան կդիմի ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, ավելացրել են վարչությունում։
Ամիրալիևը Կարաբուդախկենտի շրջանը ղեկավարում է 2015 թվականից։