Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Էթիկայի հանձնաժողովն իր մեջ կրում է զգոնության, զսպվածության եւ հակակոռուպցիոն էլեմենտներ: Այս մասին, այսօր` հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, խոսելով Էթիկայի նոր հանձնաժողովի դերակատարման մասին: Վերջինս եւս աշխատել է այդ նախագծի վրա:

Նա, որպես օրինակ, նշեց, որ էթիկայի հանձնաժողովը կարող է զբաղվել պաշտոնյաների կողմից տարեկան հայտարարագրերում իրենց ունեցվածքի վերաբերյալ սխալ տեղեկություններ հրապարակելու խնդրին: Հ. Սահակյանի խոսքով, շատ հաճախ այս կամ այն պաշտոնյան սխալ է հայտարարագրել կամ չի հայտարարագրել իր ունեցվածը: «Եթե այս հանձնաժողովը հետեւի հրապարակայնորեն այդ հայտարարագրերին, ապա սրա մեջ կարող է լինել եւ զգոնության եւ հակակոռուպցիոն էլեմենտներ»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:

Նա կարեւորեց նաեւ շահերի բախման հետ կապված խնդիրը, նկատելով, որ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները երբեմն անթաքույց, երբեմն նաեւ թաքնված, որոշակի շահերի բախման տեսանկյունից այս կամ այն գործառույթն են իրականացնում կամ նախագիծն են մտցնում շրջանառության մեջ: «Սա հրապարակայնացնելը, հասարակայնության, հանրության առաջ բաց դնելն ունի զսպվածության եւ զգոնության էլեմենտ»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը: Նա բացառեց նաեւ հանձնաժողովի անդամների կողմից կոռուպցիոն ռիսկերը` հիմք ընդունելով նրանց բարձր աշխատավարձը, որը միջինացված աշխատավարձի 16-ապատիկն է: Ի

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ ի սկզբանե չի ցանկանում թերահավատորեն վերաբերել այս հանձնաժողովին, քանի որ ստեղծվել է մի կառույց, որն ունի բարձր երաշխիքներ: Ավելին, նրա անդամները 6 տարով են նշանակված, որն ավելին է, քան նախագահի պաշտոնավարման ժամկետը (5 տարի):