Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն կրծքավանդակի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սագարեջոյի շրջանի (Կախեթիի շրջան) «Geo Hospitals» կլինիկա, հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Հետաքննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի՝ «Ինքնասպանության դրդում» հատկանիշներով։ Դեպքի առթիվ իրականացվում են ինտենսիվ քննչական գործողություններ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ռիժվաձեն ստացել է շտապ բժշկական օգնություն։ Թոքը վնասված է, և վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիան»։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանը կալանավորվել է որպես մեղադրյալ՝ հրազենի անզգույշ պահպանման համար։
TV Pirveli-ի հաղորդմամբ՝ Թորնիկե Ռիժվաձեն մի քանի օր անցկացրել է Ալեքսի Ախվլեդիանիի մոր տանը, որտեղ էլ հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝ ժամը մոտ 02:00-ի սահմաններում, լսվել են կրակոցներ։ Դեպքի վայրում ներկայումս մոբիլիզացված է ոստիկանությունը։
«Փրայմ Թայմ»-ը տեղեկացնում է, որ Ռիժվաձեն ինքնասպանության փորձից առաջ նամակ է գրել, որը գտել են բժշկական անձնակազմի անդամները նրա հագուստի մեջ։ Նամակում տեղ են գտել մի շարք հարցեր, այդ թվում՝ կոռուպցիայի և «շահույթ չհետապնդողների» հովանավորության վերաբերյալ մեղադրանքներ։ Ռիժվաձեն դիմում է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ իր ընտանիքի պաշտպանության խնդրանքով։
Թորնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնից 2025 թվականի ապրիլի 4-ին։ Նա 2016 թվականի դեկտեմբերից աշխատել է որպես Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի ղեկավար և նաև զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։
2014-2016 թվականներին եղել է Աջարիայի կառավարության տնտեսական խորհրդի խորհրդական, իսկ 2013-2017 թվականներին՝ «Աջարայի ջրեր » ընկերության իրավական հարցերով խորհրդական, ապա՝ տնօրեն։
Թորնիկե Ռիժվաձեն 36 տարեկան է։ Կրթություն ստացել է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ 2012-2013 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության կրթաթոշակառու, ապա ստացել միջազգային գործարար իրավունքի մագիստրոսի աստիճան։
Ամուսնացած է և ունի երկու երեխա։




























