Վրաստանի դատախազությունը բողոքարկելու է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ ազդեցիկ վրացի գործարար Գիորգի Ռամիշվիլիի համար որպես խափանման միջոց 70 հազար լարի գրավ ընտրելու վերաբերյալ, լրագրողներին հայտնել է դատախազ Թորնիկե Մախաթաձեն, հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը։
Խոշոր ընկերությունների՝ Silk Road Group, Silknet և Euronews Georgia-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին ձերբակալվել է հուլիսի 6-ին։ Նրան մեղադրում են ապօրինի կերպով զենք կրելու մեջ։ Ձերբակալությունն իրականացվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Զենքը գրանցված է եղել գործարարի անունով, սակայն նա այն կրելու իրավունք չի ունեցել։
«Մեղադրանքի կողմը, իհարկե, համաձայն չէ այս որոշման հետ և այն կբողոքարկի Վերաքննիչ դատարանում», - ընդգծել է մեղադրողը։
Ռամիշվիլին դատարանի դահլիճից անմիջապես ազատ է արձակվել։ Որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։
Մեղադրանքի կողմը միջնորդել է մեղադրյալին կալանքի տակ պահել նախաքննության ողջ ընթացքում։ Դատարանը համաձայնել է, որ կան խափանման միջոց ընտրելու հիմքեր, սակայն նրան կալանքի տակ պահելու փոխարեն նշանակել է գրավի կիրառում։
Իր հերթին, մեղադրյալի փաստաբան Իրմա Չկադուան հայտարարել է, որ գործարարի ձերբակալությունը քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Նրա խոսքով՝ կալանքի պատճառը անսպասելի սխալն է եղել։
«Անսպասելի բան տեղի ունեցավ։ Դա նույնիսկ կարելի է սխալ անվանել, բայց Ռամիշվիլին հնարավորություն կունենա հայտարարություն անել այս ամենի և հասարակության մեջ բարձրացված խնդիրների մասին», - ասել է Չկադուան։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ «Զարալա» մականունով գործարար Ռամիշվիլիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։





























