ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
«ԱԹԵՆՔ» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության պահանջները բավարարելու համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում հումքի, սարքավորումների ձեռքբերման և նոր գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ՝ 387 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 1500-ի 410,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․3 մլրդ դրամ։




























