«Կոստա Կոնկորդիա» նավի վրա գտնված 29 մարդ անհետ կորած է համարվում` 25 ուղեւորներ եւ անձնակազմի չորս անդամներ: Այս մասին հաղորդել է նավահանգստային իշխանությունների ներկայացուցիչ Մարկո Բրուսկոն: Նրա խոսքով` ենթադրվում է, որ կորածների թվում շուրջ տասը գերմանացի եւ վեց իտալացի կա:
Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նավի խորտակման արդյունքում Գերմանիայի 11 քաղաքացիներ են կորել:

Միաժամանակ, ոչինչ հայտնի չէ չորս ֆրանսիացիների եւ երկու ամերիկացիների ճակատագրի վերաբերյալ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Անհետ կորածներին որոնող փրկարարական ծառայությունները հայտնում են, որ նրանց կենդանի գտնելու հավանականությունը մեծ չէ, հաղորդում է BBC-ն:

Ցամաքային պաշտպանության ջրասուզորդների ղեկավար Ռուդոլֆո Ռայտերին նավի ներքին աշխատանքները ծայրահեղ բարդ է անվանել: «Շատ դժվար է, միջանցքները խարխլված են, եւ դժվար է դրանցով տեղաշարժվել»: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչ Սերջիո Օրտելին կորածներին գտնելու հույս է հայտնել: Ֆրանս փրեսսի հետ հարցազրույցում նա ասել է. «Երբեք չես կարող իմանալ նման նավի լաբիրինթոսների մասին: Օդային գրպանները կարող են մարդկանց մի քանի օրվա ընթացքում կենդանի մնալու հնարավորություն ընձեռել»:

Ծովային Lloyd’s List-ը ուրբաթ օրը արբանյակների միջոցով հետեւել է նավի երթուղուն եւ համեմատել տվյալ երթուղով ընթացող նախորդների հետ: Թերթի տպագրած ժամանակացույցի համաձայն` նավը զգալիորեն շեղվել է նախանշված ուղեգծից:

Աճում է շրջակա միջավայրին սպառնացող վտանգի անհանգստությունը, այն դեպքում, եթե նավը մասնատվի եւ դրանից դուրս հոսի յոթնօրյա ճանապարհորդության 2300 տոննա վառելիքի պաշարը: Տեղը, որտեղ վթարի է ենթարկվել նավը, հայտնի է իր անապակությամբ եւ ծովային կենդանական ու բուսական հարուստ աշխարհով, կորալներով:
Իտալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Կորադո Կլինին ասել է, որ նավից հեղուկ է արտահոսում, բայց դեռ պարզ չէ, թե ինչ հեղուկ է դա:

Նրա խոսքով` կառավարությունն արտակարգ իրավիճակ կհայտարարի` «Կոնկորդիայի» վառելիքի արտահոսքի դեմ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, «Կոստա Կոնկորդիա» ճամփորդական նավը, որի վրա 4200-ից ավելի մարդ է գտնվել, հունվարի 14-ի գիշերը վթարի է ենթարկվել Ջիլյո կղզու մոտ` իտալական Տոսկանայի մարզում: Ողբերգության զոհ է դարձել վեց մարդ: