Եթե ձեր կատուն նեղացել է, շունը վնգստում է կամ ճագարը կրկին տարօրինակ շարժումներ է անում թաթերով, դուք կզգաք մեղքի այն ծանոթ զգացումը, որն ունենում են ընտանի կենդանիների տերերի մեծ մասը։

Սակայն նրանց համար, ովքեր կցանկանային ճշգրիտ իմանալ, թե ինչ է կատարվում իրենց հավատարիմ ուղեկիցների գլխում, օգնությունը շուտով կարող է հասնել՝ շնորհիվ կենդանիների գիտակցության էմպիրիկ ուսումնասիրությամբ զբաղվող առաջին գիտական հաստատության ստեղծման, գրում է The Guardian-ը։

Ջերեմի Կոլերի անվան կենդանիների ուսումնասիրության կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում (LSE), իր աշխատանքը կսկսի սեպտեմբերի 30-ին՝ ուսումնասիրելով ոչ մարդկային կենդանիներին, այդ թվում՝ մեզնից էվոլյուցիոն առումով այնքան հեռու տեսակների, ինչպիսիք են միջատները, խեցգետիններն ու կարակատիցաները։ Օգտագործելով միջդիսցիպլինար գլոբալ գիտելիքների լայն շրջանակ՝ 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կենտրոնը կաշխատի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նյարդաբանությունը, փիլիսոփայությունը, անասնաբուժությունը, իրավագիտությունը, էվոլյուցիոն կենսաբանությունը, համեմատական հոգեբանությունը, վարքագծային գիտությունները, համակարգչային գիտությունները, տնտեսագիտությունը և արհեստական բանականությունը։

Ամենահետաքրքիր նախագծերից մեկը կլինի այն հետազոտությունը, թե ինչպես արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց «խոսել» իրենց ընտանի կենդանիների հետ։

«Մենք սիրում ենք, որ մեր ընտանի կենդանիները մարդկային որակներ են դրսևորում, և արհեստական բանականության գալուստով այն միջոցները, որոնցով ձեր կենդանին կկարողանա խոսել ձեզ հետ, բոլորովին նոր մակարդակի կհասնեն,- պատմել է կենտրոնի առաջին տնօրեն, պրոֆեսոր Ջոնաթան Բերչը։ - Սակայն արհեստական բանականությունը հաճախ ստեղծում է հորինված պատասխաններ, որոնք ուրախացնում են օգտատիրոջը, այլ ոչ թե կապված են օբյեկտիվ իրականության հետ։ Սա կարող է հանգեցնել աղետի, եթե կիրառվի ընտանի կենդանիների բարեկեցության նկատմամբ»։

Շների տերերը հաճախ ցանկանում են վստահ լինել, որ իրենց կենդանին չի տառապում, երբ նրան երկար ժամանակով մենակ են թողնում։

Մեծ լեզվական մոդելների վրա հիմնված «թարգմանության» ֆուտուրիստական հավելվածները կարող են խոստանալ ապահովել այդ վստահությունը, բայց ի վերջո վնաս պատճառել՝ տերերին հայտնելով այն, ինչ նրանք ցանկանում են լսել, այլ ոչ թե այն, ինչ իրականում անհրաժեշտ է կենդանուն։

«Շտապ անհրաժեշտ են շրջանակներ, որոնք կարգավորում են կենդանիների նկատմամբ ԱԲ-ի պատասխանատու, էթիկական օգտագործումը... Կենտրոնը ցանկանում է մշակել էթիկական սկզբունքներ, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում», - նշել է գիտնականը։