Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում վեցհարկանի շինության փլուզման հետեւանքով գրանցված զոհերի թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում տպագրվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  Շահան Քանդահարյանը:

Նրա խոսքով` շենքի փլուզման պատճառներն առայժմ չեն հաղորդվում, այն գտնվում է Աշրաֆիյա քրիստոնեական թաղամասում:

Նշենք, որ Բեյրութում լուրեր են շրջանառվում այն մասին, որ շենքի սեփականատեր Միշել Սաադը բազմիցս բնակիչներին զգուշացրել է, որ լքեն իրենց բնակարանները, քանի որ շենքը հարկավոր է ամրացնել, սակայն բնակիչները չեն արձագանքել նրա կոչին:

Քանդահարյանի խոսքով,  համաձայն լիբանանյան օրենսդրության, եթե շենքի ղեկավարի ձեռքին մասնագետների եզրակացություն լինի այն մասին, որ շենքը վթարային վիճակում է, իսկ նա չի ամրացրել, նրան պատիժ է սպառնում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ  ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը հայտնել է, որ լիբանանյան իշխանությունները ձերբակալել են փլուզված շենքի տիրոջը` Միշել Սաադին եւ հարցաքննում են: Մեղավոր է արդյոք տերը, թե ոչ , կպարզեն հետաքննող մարմինները: Իսկ առայժմ ավելի կարեւոր է հարյուր, նույնիսկ հազարավոր մարդկանց փրկությունը, որոնք ապրում են նմանատիպ տներում, որոնց էլ է սպառնում փլուզումը: Դա կապված է 2-րդ շաբաթն անընդմեջ տեղացող անձրեւների հետ:

Ըստ օդերեւութաբանների` անձրեւները եւ ամպրոպը կշարունակվեն մինչեւ հունվարի վերջ: Բլուրի վրա գտնվող Աշրաֆիյա թաղամասը միշտ հիացրել է զբոսաշրջիկներին իր առանձնատներով եւ ճարտարապետությամբ: Վարչապետ Նաջիբ Միքաթիի հրահանգով այնտեղ են ուղարկվել մասնագետների խմբեր` հին կառույցների շտապ փորձաքննություն անցկացնելու նպատակով: Դրանցից շատերը կառուցվել են անիշխանության տարիներին, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր:  Դա արվել էր անվտանգության տեխնիկայի կանոնների խախտմամբ` բնակարանատերերից եկամուտ ստանալու նպատակով: 

Հիշեցնենք, որ Բեյրութի կենտրոնում վեցհարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվել է  26 մարդ: Զոհվածների մի մասը Սուդանից, Եթովպիայից, Եգիպտոսից եւ Ֆիլիպիններից եկած աշխատողներ են եղել: 12 մարդ էլ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: