Հայաստանի երկաթուղին կառավարման է տրված ռուսական ընկերության. սա նշանակում է, որ ՀՀ–ում ստեղծվել է ընկերություն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» անունով, որը հայաստանյան ռեզիդենտ ընկերություն է, որը գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Սյունիքով անցնորղ ճանապարհը ևս արտապատվիրակվի ռուսական ընկերության։
«Հիմա ՀԿԵ–ն իրավունք ունի ակնկալել իր արած ներդրումների հետգնում։ Բայց ՀԿԵ տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որ որտեղ ՀՀ ոստիկանության լիազորությունները սահմանափակված են, որտեղ որեւէ պետական մարմնի առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այդ ամբողջ տարածքը գտնվում է Հայաստանի իրավազորության եւ ինքնիշխանության ներքո։ Այսինքն եթե ոստիկանությունը հարց ունի, ինչպես ՀՀ այլ տարածքներում, այնպես էլ արտապատվիրակված տարածքում ունի նույն լիազորություները։
Մենք խոսում ենք նույն մոդելի մասին։
Հարց հնչեց՝ ԱՄՆ–ն հետաքրքրվա՞ծ է, այո, հետաքրքրված է։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԱՄՆ հետաքրքրվածությամբ. այո, հետաքրքրված ենք։ Միայն ԱՄն–ն չի հետաքրքրված, ԵՄ–ն էլ է հետաքրքրված ։ Մենք դրանով էլ ենք հետաքրքրված։
Ի՞նչ մոդելներ կարող են լինել։ Օրինակ, կարող է լինել Հայաստան–ԱՄՆ համատեղ ձեռնարկություն։ Կարող է լինել տարբերակ, որ որեւէ օտարերկրյա կազմակերպություն գրանցվի, օրինակ, «Օրանժ» ընկերությունը ՀՀ–ում գործունեություն էր ծավալում, կամ «Զվարթնոցը» կոնցեսիայի է տրված։ Բայց Հայաստանը որեւէ լիազորությունների սահմանափակում չունի այդ տարածքում։
Որեւէ տարբերակ էլ, որ քննարկվի, մենք դա դիտարկում ենք ՀՀ ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, ինչպես «Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես Հարավկովկասյան երկաթուղին։ Մի դեպքում արգենտինական ներդրում է, մի դեպքում ռուսական, այս դեպքում էլ կարող է լինել ամերիկյան, կարող է լինել ԱՄԷ ներդրում, կատարի ներդրում։ Տեսականորեն բացառված չի, որ լինի նաև ռուսական ներդրում, մենք քննարկում ենք, թե ով ավելի լավ պայման կառաջարկի եւ ինչի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։
Այս պահին առաջարկն ամերիկյան է եւ մենք քննարկում ենք այն։ Հենց որ լինի համաձայնություն, դրա մասին կիմանաք»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։





























