Իտալիայի դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի ենթարկել նավաբեկության ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին:

Ըստ նավապետի դատապաշտպան Բրունո Լեպորատիի` հունվարի 18-ի առավոտյան նախկին նավապետը պետք է դուրս գա Գրոսետո քաղաքի բանտից:

Նախօրեին տեղի է ունեցել հերթական հարցաքննությունը: Նավապետը կտրականապես հրաժարվում է իրեն ներկայացված մեղադրանքներից, հատկապես այն, որ ինքը լքել է նավը մինչ բոլոր ուղեւորների տարհանումը:

Չնայած որ Սկետինոն պնդում է, որ նավը Ջիլյո կղզու մոտ խորտակվել է քարտեզների անճշտության պատճառով, մեղադրող կողմը կարծում է, որ ամենի ինչի պատճառը նավապետի խիստ վտանգավոր շրջադարձն է եղել: Նավապետը նավը շատ էր մոտեցրել ափին` իբր կղզու բնակիչներին ողջունելու համար: Մեղքն ընդունելու կամ հաստատվելու դեպքում Սկետինոյին սպառնում է 10 տարվա ազատազրկում:

Իտալիայում վերջին օրերին մի ամբողջ խումբ է ձեւավորվել 52-ամյա նավապետի դեմ: Հազարավոր բլոգերներ նրան անվանում են Վախկոտ նավապետ: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ափին հայտնվելով` նավապետը տաքսի է կանչել եւ ասել վարորդին. «Ինձ որքան հնարավորէ հեռու տարեք», գրում է rbc-ն:

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը իտալական Ջիլյո կղզու մոտակայքում: Նավի վրա եղել է 4300 մարդ, որից 1000-ն` անձնակազմի անդամներ: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 11 մարդ: Վնասվածքներ է ստացել 79 մարդ, անհետ կորած է համարվում 24 մարդ:

Զբոսանավի հետագա ճակատագիրը դեռեւս անորոշ է: Costa Cruises ընկերությունը դեռեւս պիտի գնահատի նավին հասցված վնասի չափերը եւ պարզի` արդյոք այն վերականգնման ենթակա է: Ըստ նախնական գնահատականների` ընկերությունը 93 միլիոն դոլարի անմիջական վնաս է կրել: