NASA-ի գիտնականները Մարշալյան կղզիներում աստղակերպերին հետեւելու համար ռադար չեն օգտագործել եւ չեն կարող պատասխանատվություն կրել «Ֆոբոս-Գրունտ» միջմոլորակային կայանի անկման համար: Այս մասին հայտարարել է Ամերիկյան տիեզերական գործակալության ներկայացուցիչ Բոբ Ջեյքոբսը:
The Washington Post թերթին տված հարցազրույցում Ջեյքոբսը նշել է, որ «Ֆոբոս-Գրունտ» կայանի մեկնարկի օրը NASA-ի գիտնականները Մարշալյան կղզիներում ռադար չեն օգտագործել, ինչպես ավելի վաղ եզրակացրել էին Ռոսկոսմոսի աշխատակիցները: Այդ օրը աստղակերպերին հետեւելու համար օգտագործվել են Քալիֆորնիայի եւ Պուերտո-Ռիկոյի ռադիոտեղորոշիչ կայանները:
Հիշեցնենք, օրերս ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ռուսական հրթիռա-տիեզերական ոլորտի անանուն աղբյուրին, հաղորդել էին, որ «Ֆոբոս-Գրունտ» կայանը մեկնարկից հետո կարող էր Մարշալյան Կղզիներում տեղակայված ռադարի ազդեցության գոտում հայտնվել:




























