ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի ափերին, վերջին մի քանի օրերին, ավելի քան 60 դելֆիններ իրենց ծովափ են նետել: Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հայտնում են, որ հաջողվել է փրկել միայն նրանցից 19-ին:
Հիմնադրամի աշխատակիցները փրկված դելֆիններին համապատասխան օգնություն են ցուցաբերել, որից հետո բաց են թողել օվկիանոսում:
Ներկայումս փրկարարները եւ շուրջ 300 կամավորներ շարունակում են հերթապահություն իրականացնել Քեյփ-Քոդի ծովափերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն ափ նետվող դելֆիններին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սա դելֆինների զանգվածային ինքնասպանության առաջին դեպքը չէ: Նման դեպքեր գրանցվում են նաեւ այլ երկրներում: Այսպես, հունվարի սկզբին նման դեպք է արձանագրվել Նոր Զելանդիայում: Գիտնականները դեռ չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչ պատճառով են դելֆինները նման քայլի գնում:




























