Իտալական լրատվամիջոցները հրապարակել են «Կոստա Կոնկորդիա» նավի նավապետի` Ֆրանչեսկո Սկետինոյի առափնյա փրկարար ծառայության հետ ունեցած բանակցությունների ձայնագրությունը: Դրանից պարզ է դարձել, որ հենց սկզբից էլ նավապետը փրկարարներին ապատեղեկատվություն է տվել նավում տիրող իրադրության հետ կապված: Իտալացիներն արդեն Սկետինոյին անվանել են վախկոտ նավապետ: 

«Կոստա Կոնկորդիա» նավը ժայռերին էր բախվել տեղական ժամանակով 21:45-ին: Նավահանգստի ղեկավար Գրեգորի Մարիա դը Ֆալկոն առաջին զանգն ուղարկել է Սկետինոյի հեռախոսին 00:32-ին: Ըստ ականատեսների` այդ ժամանակ Սկետինոն արդեն ափին է եղել:  Դը  Ֆալկոն նավապետին հարցրել է, թե քանի մարդ է մնացել նավի վրա: Նավապետը պատասխանել է, որ նավի վրա կան մոտավորապես 200-300 ուղեւորներ, իսկ մնացած 4000-ը տարհանվել են համապատասխան հրահանգից հետո:

00:42-ին տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազրույցը նավապետի հետ , որի ժամանակ նրան նորից հարցրել են, թե քանի մարդ է մնացել նավի վրա: Նա պատասխանել է, որ հարցրել է անձնակազմին, եւ իրեն ասել են, թե 100 մարդ: Իրականում հենց այդ պահին է տարհանումն սկսվել:

Վերջապես Սկետինոյի նյարդերը տեղի են տվել, եւ նա խոստովանել է, որ ինքը լքել է նավը: Այս խոստովանությունը ցնցել է փրկարար ծառայության աշխատակցին, եւ նա գոռացել է. «Նավապետ, դուք լքե՞լ եք նավը»:

01:46-ին նոր զանգ է հնչել, որի ընթացքում արդեն խոսք է եղել զոհերի մասին, իսկ նավապետն էլ հարցրել է, թե ինչքան են դրանք:

«Դա դուք պիտի ինձ ասեք: Ի՞նչ եք պատրաստվում անել: Ուզում եք տո՞ւն գնալ: Հենց հիմա վերեւ վերադարձեք եւ հաղորդեք մեզ, թե ինչ կարելի է անել, քանի մարդ կա եւ ինչ է նրանց հարկավոր», - ասել է փրկարարական ծառայության աշխատակիցը: Նավապետը խոստացել է ամեն ինչ կատարել, սակայն ըստ նավահանգստի իշխանությունների, Ֆրանչեսկո Սկետինոն այլեւս նավ չի բարձրացել, հաղորդում է news.ru.com-ը: