Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները պատրաստվում են ռազմական համագործակցության համապարփակ համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտնում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Hürriyet թերթը չի հստակեցնում, թե երբ է նախատեսվում ստորագրել ռազմական համագործակցության այս կարևոր փաստաթուղթը։ Սակայն նշվում է, որ Անկարան և Դամասկոսը գնում են այս քայլին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգների։ Ըստ թերթի՝ Իսրայելը փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել արաբական հանրապետությունում։
Hürriyet թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախկինում հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա Սիրիայի ապակայունացման և պառակտման ծրագրերի իրականացումը։ Թերթը նաև նշում է, որ Սիրիայի նոր իշխանությունները դիմել են Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում օգնություն խնդրանքով։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների վրա հղում անելով՝ TRT Haber հեռուստաալիքը չորեքշաբթի հայտնել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Թուրքիայից օգնություն են խնդրել իրենց պաշտպանունակությունը ամրապնդելու և ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ջանքերի շրջանակում։



























